Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Դատաքիմիական բնագավառի ռուս և մոլդովացի առաջատար մասնագետները մեկշաբաթյա այցով Փորձաքննությունների ազգային բյուրոյում էին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հրավերով Ռուսաստանի քիմիական-թունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը և Մոլդովայի դատաբժշկական կենտրոնի փորձագետ Օլեգ Կադոչինիկովը մեկշաբաթյա այցով Փորձաքննությունների ազգային բյուրոյում էին՝ դատաքիմիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող ամերիկյան առաջատար «Agilent Technologies» ընկերության սարքավորումային համալիրի գործարկման, արդիական մեթոդների ներդրման, փորձի փոխանակման և համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
Այցի շրջանակներում արտերկրից ժամանած մասնագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և համապատասխան ստորաբաժանումների փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները, առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված գործընթացները:
Փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ մշակելու և ներդնելու հետազոտությունների՝ գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ և մեթոդիկաներ, ինչն էապես կբարձրացնի Բյուրոյի նյութագիտական և թունաբանական փորձագիտական ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները:
Հանդիպման շրջանակներում Սերգեյ Սավչուկը Բյուրոյի տնօրենին է հանձնել ասոցիացիայի կրծքանշանն ու իր հեղինակած մասնագիտական գրքերը: Բյուրոյում գտնվելու օրերի ընթացքում իրականացվել է փորձագետների վերապատրաստում նոր ձեռքբերված՝ «Agilent Technologies» ընկերության ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքի՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆի արդյունավետ կիրառման նպատակով: Իրականացվել է նաև փորձի փոխանակում անալիտիկ այլ, այդ թվում՝ գազքրոմատոգրաֆիկ սարքերի կիրառմամբ, վերլուծվել ժամանակակից նորարարական լուծումները, նյութագիտական և թունաբանական փորձաքննությունների բնագավառներում գործնականում ի հայտ եկող խնդիրների արդյունավետ լուծման ուղիներն ու այդ նպատակով կիրառվող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման հետ կապված մի շարք հարցեր:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորությունների համալրման, դրանց համապատասխան գիտականորեն հիմնավորված նոր մեթոդների մշակման և շարունակական ներդրման իրականացումը՝ ի նպաստ մեր երկրում փորձագիտական ներուժի զարգացման, նյութատեխնիկական և գիտամեթոդական բազայի կատարելագործման:
28 Դեկտեմբեր 2016